BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Կառավարությանը, վարչապետին, համապատասխան մյուս պաշտոնյաներին հարցրեք, թե ինչն է պատճառը, որ այս գործերը կյանք չեն մտնում»

«Կառավարությանը, վարչապետին, համապատասխան մյուս պաշտոնյաներին հարցրեք, թե ինչն է  պատճառը, որ այս գործերը կյանք չեն մտնում»
10.02.2017 | 00:17

Ստորև ներկայացվողը սովորական հարցազրույց չէ, այլ առաջին քայլը կամ ազդանշանը նրա, որ սկսվում է լրագրողական հետաքննություն: Թերևս բոլորս գիտենք ՀՀ անկախացումից հետո մեր երկրից բազմաթիվ գիտնականների, գյուտարարների արտագաղթի, մայր հայրենիքից, անշուշտ, ոչ հաճույքով, այլ դառնորեն, ցավով, իսկ իշխանություններից երբեմն կամ հաճախ վիրավորված հեռանալու մասին: Հեռացան, որովհետև այստեղ չապահովվեցին ոչ միայն աշխատանքային պայմաններ, այլև նրանց աշխատանքը չգնահատվեց կամ նսեմացվեց տրված աղքատավարձերով, նրանց գյուտերը, նորարարական առաջարկությունները հաճախ անտեսվեցին և արհամարհվեցին, նրանցից ոմանք արժանացան վայ-իշխանությունների ուղղակի վիրավորական վերաբերմունքին: Այսօր այդ գիտնականների, գյուտարարների միտքը, գիտելիքները, գյուտերը, տաղանդը ծառայում են ոչ թե Հայաստանին, այլ օտարին՝ հզորացնելով օտար պետությունները, նրանց ռազմարդյունաբերությունը, էներգետիկան, տնտեսության այլ ճյուղեր:


Սկսվող հետաքննության արդյունքում կպարզենք, թե կառավարական տարբեր ատյաններում հիմա որ փուլում են տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների արևային ծրագրի հեղինակ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ առաջարկությունները, կարճ ասած, իշխանությունները դրանց այո՞ են ասում, թե՞ ոչ: Եթե վերջինը, ապա ՀՀ համապատասխան պաշտոնյաները կա՛մ կապացուցեն, կհիմնավորեն, որ տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների արևային ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն ինչ-ինչ հարցերում սխալվում է, նրա առաջարկությունների իրագործումն անհնար է կամ նպատակահարմար չէ, կա՛մ ուղղակի կմեղադրվեն կոռուպցիայի, ատկատներ չստանալու պատճառով մեր պետության համար խիստ անհրաժեշտ քայլերը չկատարելու, գիտնականին չաջակցելու, նրա առաջարկությունները չընդունելու, անտեսելու, գզրոց նետելու, չպատասխանելու, բացառված չէ, հայությանը թշնամի արտաքին ուժերին ծառայելով, նույնիսկ հայրենադավության, գիտակցորեն կերպով մեր պետության, ժողովրդի դեմ գործելու մեջ: Ամեն ինչ կպարզվի առաջիկայում:


Շատ հակիրճ Վահան Համազասպյանի մասին: Նա այն գիտնականներից է, որ նույնպես կարող էր հեռանալ մեր երկրից, արտերկրում գնահատված լինել, ունենալ շատ բարձր վարձատրվող աշխատանք, բայց հայրենասիրությունը խանգարել է, մյուս կողմից՝ կարողացել է համառորեն տոկալ, դիմանալ այն պայմաններին, որոնք ՀՀ անկախացումից հետո եղել ու կան Հայաստանում: Նա ժամանակին «Էլեկտրոնստանդարտ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է եղել, որի մեջ մտել է Դիագնոստիկայի տարածաշրջանային կենտրոնը, եղել է «Դիագնոստիկա» համալիր նպատակային ծրագրի հարցերով ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության գլխավոր կոնստրուկտոր, էլեկտրոնային սարքերի հուսալիության հանրագիտարանի գլխավոր խմբագիր: Վահան Համազասպյանի ասպիրանտներից է եղել, օրինակ, Կորոլյովի տեղակալ Էռնեստ Դմիտրիի Մալչանովը: Նա աշխատել է Կորոլյովի մյուս տեղակալների՝ Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանի և Բերդիչևսկու հետ:

-Պարոն Համազասպյան, նախ խնդրում եմ հնարավորինս հանգամանորեն ներկայացնել, թե իրենից ինչ է ներկայացնում Ձեր արևային ծրագիրը: Ի՞նչ հնարավորություններ է տալիս և հիմնականում ի՞նչ ուղղություններով է զարգացում նախատեսում:
-Արևային ծրագրի ստեղծումն ունի իր նախապատմությունը: Երկիրը քանդվեց, տեսանք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով ինչպես է արագորեն կազմաքանդում մեր արդյունաբերությունը. այդ ամենը պարզորոշ զգացվում էր: Մեզ պետք էր մի ելք, մի լուծում գտնել, գտնել արդյունաբերության կազմակերպման մի նոր ուղղություն, մի նոր ճյուղ, Հայաստանի արդյունաբերությունը դնել ինչ-որ նոր ռելսերի վրա, փորձել պահպանել տնտեսական ինքնուրույնությունը, աշխատատեղեր ապահովել և այլն, և այլն: Շատ հարցեր կային: Մանրամասն քննարկելուց հետո հասկացանք, որ արևային տեխնիկայի ոլորտը կարող է հաջողություններ բերել: Տարբեր նկատառումներից ելնելով, դա կլիներ ամենառացիոնալ ու, ամենակարևորը, իրատեսական ուղղությունը, ամեն ինչ իր տեղում էր. հզոր արև, էներգետիկ այլ ռեսուրսների սակավություն, տեխնիկական բազա, մասնագետների հզոր բանակ և այլն: Պակաս կարևոր չէր նաև խնդրի քաղաքական կողմը. դառնալ հեռանկարային ուղղության պիոներն ու կարգադիրը:
-Հայաստանն արևային կամ արևոտ երկի՞ր է, այստեղ մակերևույթի միավորին բաժին ընկնող էներգիայի մասին ի՞նչ կարող եք ասել:
-Այո, Հայաստանը արևաշատ երկիր է, բոլորը, նույնիսկ մեր նախագահը, դա գիտեն: Եթե ընդունենք արևի էներգիայի դասդասման յոթաստիճան համակարգ, ապա մենք գտնվում ենք 2-րդ և 3-րդ հորիզոնականի արանքում՝ զիջելով Սահարա անապատին ու աֆրիկյան մի շարք երկրների: Սակայն նկատի առանք ոչ միայն դա: Առավել կարևորն այն է, որ մեր երկիրը մշտապես ստիպված է լինելու լուծել իր էներգետիկ կենսունակության ապահովման խնդիրը: Օրինակ, հնարավոր պատերազմների դեպքում մենք կարող ենք զրկվել հոսանքի աղբյուրներից, գազ չստանալ, անվտանգության նկատառումներից ելնելով` ժամանակավորապես դադարեցնել ատոմակայանի աշխատանքը, և այս դեպքում շատ կարևոր է ունենալ սեփական այլընտրանքային էներգիայի աղբյուր, էներգետիկ խնդիրները լուծելու նվազագույն հնարավորություններ: Արևային ոլորտը զարգացնելու համար Հայաստանն ուներ նախնական լավագույն հնարավորությունները՝ զարգացած էլեկտրոնիկա, մեքենաշինություն, գիտական սարքաշինություն, օպտիկական լաբորատորիաներ և այլն: Այդ ոլորտների մասնագետներին կարելի էր ընդգրկել արևային մեքենաշինության նոր ոլորտում աշխատելու համար, որոնք ի վիճակի կլինեին զբաղվելու արևային խտացուցիչների հիման վրա ստեղծված սարքերի նախագծմամբ և արտադրության կազմակերպմամբ:
Սկսեցինք զարգացնել այդ բոլորովին նոր ոլորտը, ստեղծեցինք նոր տեխնոլոգիաներ, համապատասխան ինժեներական հաշվարկների տեսություն, ստեղծվեցին ծրագրային գործիքներ՝ ավտոմատացված ռեժիմներում սարքերի նախագծման ու մոդելավորման համար, և այսօր մենք աշխարհում այդ ուղղությամբ առաջատար դիրքերում ենք: Աշխարհում արևային էներգիայի մասնագետները դեռևս զբաղված են արևից էլեկտրաէներգիա ստանալու խնդրով, իմ թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները նվիրված են եղել կիսահաղորդիչ նյութերում ֆոտոէֆեկտների ուսումնասիրությանը, փորձնական հետազոտությունների մի մասը կատարվել է տիեզերանավերի միջոցով, արևային ձևափոխիչների ստեղծման հարցում մեծ փորձ ու զգալի ավանդ ունեմ: Սակայն այսօր կիսահաղորդչային էներգետիկայի զարգացումը մեզ համար ամենակարևոր խնդիրը չէ, Հայաստանի համար առավել կարևոր է, որ ստեղծվեն նոր տեխնոլոգիաներ ու դրանց հիման վրա արդյունաբերության ճյուղեր՝ բազմահազարանոց աշխատատեղերով, որը, բացի այդ, մեզ հնարավորություն տա նոր արտադրատեսակներով դուրս գալու հեռանկարային միջազգային շուկա:
Անդրադառնալով Ձեր առաջին հարցին, ասեմ, որ իմ մշակած արևային էներգետիկ սարքերի հնարավորությունները շատ մեծ են: Մշակված են սննդի վերամշակման մոտ 200 նոր տեխնոլոգիաներ, կան բազմաթիվ կիրառական ոլորտներ՝ գյուղատնտեսության վերամշակող արդյունաբերության համար, օրինակ, պտուղ-բանջարեղենի պահածոների արտադրությունը: Կարելի է կառուցել արևային էներգիայով աշխատող, տարբեր արտադրական հզորություններ ունեցող պահածոների գործարաններ: Դրանց կառուցումը հատկապես կարևոր կլինի Հայաստանի Հանրապետության և Արցախի այն գյուղական վայրերում, որոնք դեռ գազիֆիկացված չեն, մոտերքում պահածոների գործարաններ չկան, կան բերքի իրացման խնդիրներ: Եղած պահածոների գործարաններում էլ մեր արևային սարքերի կիրառումը ձեռնտու ու նախընտրելի է, որովհետև, օրինակ, տոմատի մածուկի, խորոված սմբուկի, լոլիկի, պղպեղի ինքնարժեքի մոտ 30 տոկոսը կազմում է դրանց պատրաստման վրա ծախսված գազի գինը, որը մեր տեխնոլոգիայի կիրառման դեպքում չի օգտագործվելու, նշածս պահածոների պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը, ինչպես նշեցի, մոտ 30 տոկոսով կրճատվելու են: Բացի այդ, արևային էներգիայով աշխատող պահածոների գործարաններն էկոլոգիապես բացարձակ մաքուր են:
Սոցիալական հիմնախնդիրը լուծելու, արտագաղթը կասեցնելու և այլ նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ ու կարևոր է մեր գյուղերում ունենալ գյուղմթերքների վերամշակման այդպիսի կենտրոններ, որոնք կաշխատեն արևի էժան էներգիայով: Այդ դեպքում կարիք չի լինի, որ գյուղացիներն իրենց բերքը, այդ թվում՝ խաղողը, տանեն, մի քանի գյուղ այն կողմ հանձնեն, այլ տեղում կվերամշակեն, արտադրանքի որակն էլ կլինի ավելի բարձր: Գյուղացիները կկարողանան իրենց բերքից ավելի մեծ օգուտ ստանալ՝ տարբեր մրգերի չրերի ձևով, որոնք կլինեն զուտ բնական ճանապարհով պատրաստված, մաքուր, իրենց մակերեսին փոշի չեն ունենա, գույնով, ապրանքային տեսքով կգերազանցեն արևի տակ սովորական ճանապարհով պատրաստված չրերին: Հնարավոր կլինի նաև գյուղերում սոցիալական, տնտեսական այլ խնդիրներ լուծել, օրինակ, բաղնիք, լվացքատուն, լողավազան կազմակերպել, իսկ ձմռանը օգնել տների, ջերմոցների ջեռուցման խնդիրները լուծելու՝ այդ նույն գործարանի սարքերի միջոցով: Դրանք ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ համակարգեր են, որոնց աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատվի տված ջերմային էներգիայի ինքնարժեքով: Մեր սարքերը թույլ կտան 1 կՎտ.ժամ ջերմային էներգիան գյուղացուն տրամադրել ընդամենը 0,32 դրամով, որը մոտ 150 անգամ էժան է էլեկտրաէներգիայի ներկայիս սակագնից և մոտ 50 անգամ էժան՝ 1 կՎտ.ժամ էներգիային համարժեք գազի սակագնից: Ստացված էներգիան հաջողությամբ կարող է օգտագործվել նաև այլ գյուղմթերքների վերամշակման համար:
Չրերի արտադրությամբ մասնագիտացված արևային գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրման հաշվարկներն արդեն ունենք (1000 քմ մակերեսով գործարանի կառուցման համար` մոտ 1 մլն դոլար, 500 քմ մակերեսով գործարանի համար՝ կես միլիոն դոլար), հետգնման ժամկետը 0,7 տարի է: Դրանով հիմա հետաքրքրված են Շվեդիայի գործարարները, այդ թվում՝ բանկիր, միլիոնատեր Յան Ռեջդնելը, որն ուզում է Հայաստանում ծավալուն բիզնես կազմակերպել:
-Դուք նշեցիք նաև խաղողի վերամշակման մասին, ի՞նչ նկատի ունեիք, չամիչի պատրաստո՞ւմ:
-Ոչ միայն, կարելի է նաև կոնյակի սպիրտի արտադրություն կազմակերպել, գինուց այդ սարքերով, թորման եղանակով ստանալ կոնյակի սպիրտ: Մի շարք դեպքեր են եղել, որ վերամշակող գործարանները խաղողն ինչ-ինչ պատճառներով չեն ընդունել կամ ընդունումը, հետո էլ գումարների վճարումը ձգձգել են, խաղողը փչացել կամ որակազրկվել է: Այն որոշ չափով որակազրկվում է նաև ճանապարհին, գյուղերից բեռնատարներով գործարան հասցնելիս: Իսկ այս պարագայում կարելի է հենց տեղում ստանալ կոնյակի սպիրտ, որը չի փչանա, ֆերմերներն այն կարող են, որպես կիսաֆաբրիկատ, իրացնել երբ և որ գործարանին ցանկանան: Շնորհիվ այս նոր տեխնոլոգիայի, կարող են նաև Հայաստանի և Արցախի այն վայրերում, որտեղ արդյունաբերական մասշտաբներով խաղողագործություն չկա կամ թույլ է զարգացած մոտերքում վերամշակող ձեռնարկությունների բացակայության պատճառով, զարգացնել տնտեսության այդ ճյուղը: Դա գյուղացիներին հնարավորություն կտա իրենց բերքը վերամշակելու հենց տեղում և ավելի շատ եկամուտներ ստանալու: Այս առումով կարելի է նաև ինտերնետ գործարաններ կազմակերպել, կապի միջոցներն օգտագործել ֆերմերներին խորհրդատվություն մատուցելու, նրանց հետ գործնական պայմանավորվածությունների համար: Նկատի ունենանք նաև, որ խաղողի իրացման խնդիրներին բախվելով, շատ ֆերմերներ հրաժարվում են խաղող մշակելուց, ինչի պատճառով կորցնում ենք խաղողի դաշտերը:
Արևային սարքերի կիրառման մեկ այլ ուղղություն է լողափերում արևային սրճարանների կազմակերպումը: Այս առումով բավական մեծ շուկա կա, միայն սարքերի գծով մոտ 2 տրիլիոն դոլարի սարքեր կպահանջվեն, եթե մեզ հաջողվի դրանք արտադրել աշխարհի տարբեր անկյուններում էկոլոգիապես մաքուր նման սրճարաններ կազմակերպելու համար:
-Այդ սարքերը սրճարանատերերին ի՞նչ օգուտ կտան, որպեսզի գնեն դրանք, նախընտրեն կերակուրները, սուրճը պատրաստեն արևային էներգիայով:
-Արևային սարքերի կիրառմամբ նրանք այլևս գազ կամ էլեկտրական էներգիա չեն օգտագործի, դրանց դիմաց չեն վճարի, կանցնեն անվճար էներգիայի օգտագործման: Լրացուցիչ էներգիա ստեղծելուց բացի, մեր սարքերը էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու տեխնոլոգիա են, ինչպես նաև թույլ են տալիս շատ համեղ և որակյալ կերակուրներ պատրաստել: Հայաստանում սննդամթերքի էկոլոգիապես մաքուր լինելը գուցե չեն կարևորում, բայց արտասահմանում, զարգացած երկրներում այլ վերաբերմունք է: Արևային սրճարանների ուղղությամբ իմ մշակումները սկսվեցին մի հասարակ պատմությունից: Գիրք էի գրել, որտեղ ցույց են տրված իմ մշակած արևային սարքերը: Գիրքն ընկել էր Վարդան անունով մի ավստրալացի հայի ձեռքը, որը եկավ, ինձ գտավ, ասաց, որ Սիդնեյի լողափերում շատ ընդունված է գազով աշխատող սարքերով խոզի խորոված անելը, հնարավո՞ր է արևով խորոված պատրաստել: Ես այդ գաղափարն ընկալեցի իրենից, շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ մշակեցի արևով խորոված անելու: Ասեմ նաև, թե ինչու այդ հարցը տվեց ինձ: Նրանց մոտ խնդիր էր առաջացել. 1998 թվականին, Սիդնեյի օլիմպիադայի կապակցությամբ, էկոլոգիական նկատառումներից ելնելով, արգելվել էր գազի սարքերի օգտագործումը լողափերում: Այդ տեսակետից շատ կարևոր է լողափերում խորոված, այլ կերակուրներ, ըմպելիքներ պատրաստող սարքերի կիրառումը:
-Լավ, տնտեսավարողը գազ կամ էլեկտրաէներգիա չի օգտագործելու, բայց չէ՞ որ Ձեր առաջարկած տեխնոլոգիայից օգտվելու համար պետք է գնի համապատասխան սարքը, կգնա՞ այդ քայլին:
-Հասկանում եմ Ձեր հարցի իմաստը, այդ հաշվարկներն արդեն արված են, սարքը 2 ամսում իր ձեռքբերման համար ծախսված գումարը հետ կբերի: Բացի այդ, պետք է նկատի ունենալ նաև, որ պահածոների արտադրության մեջ կամ սրճարաններում գազով, էլեկտրաէներգիայով աշխատող սարքավորումների ձեռքբերման համար էլ է գումար պահանջվում, դրանք անվճար չեն տրվում: Սրճարաններում օգտագործելու համար նախատեսված արևային սարքերի վերաբերյալ նույնիսկ հաղորդում կա, Դուք կարող եք դիտել Հայաստանի խոհարարների միության նախագահ Սեդրակ Մամուլյանի պատրաստած և Յութուբում «Արարատյան խոհանոց 966» անվանմամբ զետեղված տեսանյութը:
Շատ հետաքրքիր առաջարկներ ունենք, պատմեմ նաև դրանցից մեկի մասին: Անցյալ տարվա աշնանը հեռուստատեսությամբ լսեցի, որ Մախաչկալայում մեծ խնդիր կա՝ մորեխներն ամբողջ դաշտի բերքը ոչնչացնում են: Զանգահարեցի տեղի գյուղատնտեսության նախարարին, հայտնեցի՝ կարող ենք Ձեր այդ խնդիրը լուծել մեր սարքերի միջոցով, ոչնչացնել մեր տեխնիկայով: Միաժամանակ ասացի, որ մեր պայմանը լինելու է սատկած մորեխների վերամշակումը և ձկնարդյունաբերության մեջ օգտագործումն արդեն մեր հայեցողությամբ: Շատ լավ ընդունեց այս առաջարկությունը, պետք է զանգահարեինք, կապվեինք, բայց այդ գործն էլ մնաց օդում կախված:
-Ինչո՞ւ…
-Նրանք ասում են՝ անենք, բայց դրա համար պետք է գնամ այնտեղ: Ցավոք, այդ հնարավորությունը չունեմ, առաջ շաբաթը մեկ անգամ Մոսկվա, Լենինգրադ էի թռչում, բայց արդեն 20 տարի է՝ չեմ գնացել: Այսպիսի դեպքերում հրավիրում են, բայց երբ ասում եմ, որ այդքան միջոց չունեմ՝ այդտեղ հասնելու համար, միանգամից իրենց հետաքրքրությունը կորցնում են, արդեն անլուրջ են վերաբերվում, դա հոգեբանական խնդիր է:
-Հիմա կա՞ն արտերկրի հետ կապված այլ ծրագրեր, որոնք կարող են իրականություն դառնալ:
-Այո, Ռուսաստանը հիմա ժողովրդագրական լուրջ հիմնախնդիր ունի, հաշվարկել են, որ արդեն 2030 թվականին Ռուսաստանի բնակչության կազմում երկրորդ տեղը գրավելու են չինացիները: Նրանք այժմ գալիս ու բնակվում են Հեռավոր Արևելքում, իսկ մտնելուց հետո նրանց այլևս չեն կարողանալու դուրս հանել: Դրա դեմն առնելու համար ուզում են ռուսների մի մասին տեղափոխել Հեռավոր Արևելք. խոսքը հսկայական տարածքների մասին է: Մարդկանց շահագրգռելու համար անվճար 1 հեկտար հող են տրամադրում, ուզում են նրանց համար ապրելու պայմաններ ստեղծել, բայց տեղերում ճանապարհներ, գազ, էլեկտրաէներգիա առայժմ չկան: Ես համացանցով կապվեցի Ամուրի նահանգապետ Ալեքսանդր Կոզլովի հետ, իսկ փետրվարի 6-ին նրա հետ խոսեցի հեռախոսով: Առաջարկեցի այնտեղ տեղադրել հայկական արտադրության արևային սարքեր (սկզբում՝ Հայաստանում, հետագայում նաև Ռուսաստանում կազմակերպվելիք մեր մասնաճյուղերում արտադրված), որոնք ջերմային էներգիա կտան, մարդիկ կկարողանան կերակուր պատրաստել, տաքանալ, լողանալ: Մեր տեխնիկայով նրանք այնտեղ կկարողանան կազմակերպել նաև խոզաբուծական, հավաբուծական ֆերմաներ, այլ տնտեսություններ: Պարոն Կոզլովին այս գաղափարը շատ հետաքրքրեց, տեսնենք ինչ կստացվի:
-Ինչո՞վ կարող ենք Ձեզ օգնել:
-Եթե ցանկանում եք այս գործին օգտակար լինել, կառավարությանը, վարչապետին, համապատասխան մյուս պաշտոնյաներին հարցրեք, թե ինչն է պատճառը, որ այս գործերը կյանք չեն մտնում, ի՞նչն է խանգարում դրան, ի՞նչն է նրանց կաշկանդում: Նրանք միշտ խուսափում են նման հարցադրումներից, թող ինձ ասեն, որ այս կամ այն բանն անել հնարավոր չէ, հաշվարկները սխալ են: Եթե այդ հարցերին վարչապետը կամ նախագահը կարողանան պատասխանել, ես շատ գոհ կլինեմ: Նրանցից փող չենք ստացել, մի քոռ կոպեկ չեն տվել, այս ամբողջ ընթացքում՝ 25 տարի, գործ ենք արել, տեսություն մշակել: Հաշվարկները շատ արագ ենք անում, սարքում ենք, պետք է ընդամենը կազմակերպել այդ սարքերի զանգվածային հոսքագծային արտադրությունը, այդ տեխնոլոգիաները ներդնել ու մեր գործերին չխանգարել:
-Մինչև հիմա այս հարցով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարներից ո՞ւմ եք դիմել:
-Բոլորին, դեռ Դավիթ Զադոյանից սկսած, Վլադիմիր Մովսիսյանին, Դավիթ Լոքյանին, Սերգո Կարապետյանին, ուրիշների: Վախենում են նույնիսկ իրենց կարծիքը հայտնել կամ ասում են՝ լավ է, բայց արդյունք, գործ չկա, կամ չեն հասկանում, կամ էլ… Չգիտեմ, թե ինչ ասեմ: Օրինակ, Սերգո Կարապետյանին ցույց տվեցի արևային քաղցրավենիքի գյուտ-նմուշը, նորություն էր, նայեց ու միանգամից հարցրեց՝ արտադրություն կա՞: Էլ չի ասում՝ պետության կամ նախարարության կողմից ի՞նչ անենք, որ արտադրություն լինի, ամեն ինչ պատրաստի են ուզում, կարծես բոլորս նրանց պարտք ենք: Եթե մասնագետը գալիս, տեխնոլոգիա է առաջարկում, դիմացինն էլ պետք է մի բան առաջարկի: Օրինակ, ասի՝ ես այդ նպատակի համար մի կենտրոն եմ սարքում, տեղ եմ տրամադրում, այսքան գումար եմ կարողանում տրամադրել ստացված դրամաշնորհներից: Եթե չեն ասում, ուրեմն… Վերջինը խոսել եմ ներկայիս գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ, հունվարի 10-ի կողմն էր, առաջարկեց դիմում գրել, ներկայացնել: Փետրվարի 5-ին ներկայացրել ենք այդ առաջարկությունը, տեսնենք…
2016 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում մեր շվեդ գործընկերոջ հետ հանդիպել ենք նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ՝ մոտ մեկուկես ժամ խոսել ենք: Ինձ համար շատ հետաքրքիր է մեր հանդիպման արդյունքը, արդեն 2 ամիս է անցել: Մեր ծրագիրը՝ գրավոր ձևակերպված, հանձնել եմ փոխնախարար պարոն Ազիզյանին: Ծրագիրը, որն առաջարկել ենք ամբողջությամբ իրականացնել, նախարարություն եմ փոխանցել նաև համացանցով: Նրանք կորոշեն, թե այդ ծրագրի որ հատվածն է իրենց հետաքրքրում, ինչով կարող են օգնել, ֆինանսներ են հատկացնում, հարկային, մաքսային արտոնություններ են տալիս, թե մեկ այլ բան: Դարձյալ սպասում ենք արդյունքին:
Շուտով պետք է հանդիպենք նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության գծով վարչության պետ Զարուհի Զեյթունցյանի հետ՝ արևային սրճարանների առիթով: Ի դեպ, մեր նույն ծրագիրը համացանցով ուղարկել եմ նաև բնապահպանության նախարարություն, քանի որ եթե արևային տեխնոլոգիայի կիրառումը տարածվի, անտառները վառելափայտի համար չեն հատի, խորոված անելու համար փայտ չեն վառի, ածխաթթու գազի արտանետումը կնվազեցվի, Կիոտոյի համաձայնագրի, Փարիզյան արձանագրության կատարումը կլինի դյուրին:
Հինգ տարի առաջ դիմեցինք Ազգային ժողով (այն ժամանակ Ազգային ժողովի նախագահը Հովիկ Աբրահամյանն էր), որպեսզի մեր տեխնոլոգիաների հարցով խորհրդարանում քննարկումներ կազմակերպվեն: Այդ փաստաթուղթը մնաց Վարդան Այվազյանի մոտ, հավանաբար մի կողմ է դրել կամ արդեն կորցրել է, չնայած այն բանին, որ Հովիկ Աբրահամյանը գրել էր՝ կարևոր է, քննարկման դնել: Ծրագիրը 2 ամիս առաջ էլեկտրոնային փոստով ուղարկել եմ նաև վարչապետի խորհրդական Էդվարդ Ներսիսյանին: Նա դեռ ուսումնասիրում ու մտածում է, թե ինչ պատասխան տա: Վարչապետի խորհրդականի հետ անձամբ էլ եմ հանդիպել, ասաց, որ Մոսկվա է գնում, այնտեղից կվերադառնա, կուսումնասիրի ծրագիրը, լրջորեն կզբաղվենք դրանով: Շատ հետաքրքրեց նրան, բայց դեռ արձագանք չունեմ:


Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Տեսանյութ

Դիտվել է՝ 4734

Մեկնաբանություններ